Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Ծննդաբերության նախանշանները. tsnndatun.am

Ծննդաբերության նախանշանները. tsnndatun.am

Ծննդաբերության օրվա մոտենալուն զուգընթաց կարող են որոշակի նշաններ ի հայտ գալ, որոնք վկայում են մոտալուտ ծննդաբերության մասին։

ՓՈՐԻ «ԻՋՆԵԼԸ» – Կինը կարող է նկատել, որ փորն իջել է։ Առաջնածինների դեպքում այս երևույթը  նկատվում է ծննդաբերությունից 2-3 շաբաթ առաջ, իսկ կրկնածինների դեպքում՝ ծննդաբերության նախօրյակին։

ՇՆՉԵԼԸ ՀԵՇՏԱՆՈՒՄ Է – Երեխայի ներքև տեղափոխվելու արդյունքում վերանում է ճնշումը ստոծանու և ստամոքսի վրա, և շնչելը հեշտանում է։ Բայց դրա հետ միասին մեծանում է ճնշումը փորի ներքնամասում։ Նստելը և քայլելը փոքր-ինչ դժվարանում է։

ՀԱՃԱԽԱԿԻ ՄԻԶԱՐՁԱԿՈՒՄ ԵՎ ԿՂՈՒՄ – Առաջանում է հաճախակի միզելու ցանկություն, քանի որ մեծանում է ճնշումը միզապարկի վրա։ Ծննդաբերության հորմոններն ազդում են կնոջ աղիների վրա՝ առաջ բերելով, այսպես կոչված, նախնական մաքրում։ Որոշ կանայք որովայնում կարող են ունենալ թեթև կծկումներ և փորլուծություն։ 

ՑԱՎԵՐ ՄԵՋՔԻ ՍՏՈՐԻՆ ՄԱՍՈՒՄ –  Երեխայի ներքև տեղափոխվելուց  հետո  կինը գոտկամասում տհաճ զգացողություններ կարող է ունենալ։ Այդ զգացողությունները պայմանավորված են ոչ միայն երեխայի առաջ բերած ճնշմամբ, այլև կոնքի ոսկորների շարակցական հյուսվածքների գերձգմամբ։

ՊՏՂԻ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ – Մանկիկը կարող է մերթ մի քիչ հանգստանալ, մերթ շատ ակտիվ շարժվել։ Նա ասես ընտրում է ռիթմը և ամենահարմար պահը ծնվելու համար։

ԱԽՈՐԺԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ – Ծննդաբերությունից առաջ կարող է ախորժակը փոխվել։ Առավել հաճախ նկատվում է ախորժակի նվազում։ Լավ է, երբ կինը նման դեպքերում այս կամ այն սննդամթերքն ընտրելիս ավելի շատ վստահում է իր ինտուիցիային։ Պետք չէ սնվել «երկուսի փոխարեն»։

ՄԱՐՄՆԻ ՔԱՇԻ ՆՎԱԶՈՒՄ – Ծննդաբերությունից առաջ կինը կարող է մի քիչ նիհարել։ Հղի կնոջ քաշը կարող է պակասել 1-2 կգ-ով։

ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ – Կինը անհամբերությամբ սպասում է «իր ժամին», ուզում է, որքան հնարավոր է  շուտ ազատվել։ Կարող է տրամադրությունը «հանկարծ» փոխվել։ Հոգնածությունն ու անտարբերությունը անսպասելիորեն կարող են իրենց տեղը զիջել բուռն գործունեությանը։ Հայտնվում է բնակալման բնազդը։ Կինը պատրաստվում է դիմավորել իր մանկիկին։

ԱՐԳԱՆԴԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԿԾԿՈՒՄՆԵՐ – Կինը կարող է որոշակի կծկումներ զգալ նաև ծննդաբերությունից մի քանի շաբաթ առաջ։ Եթե կանոնավոր  և տևական ռիթմ չի հաստատվում, եթե կծկումների միջև դադարները չեն կրճատվում, որպես կանոն, այդ նշանները բոլորովին էլ ծննդաբերության սկիզբը չեն ազդարարում։

Նանա Դանիելբեկ
մանկաբարձ-գինեկոլոգ

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ